Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Կատալոնիայի ճգնաժամի մեղքը երկու համառ ղեկավարներինն է

Կատալոնիայի ճգնաժամի մեղքը երկու համառ ղեկավարներինն է
28.10.2017 | 09:57

Իսպանիան ամենածանր քաղաքական ճգնաժամն է ապրում 40 տարի առաջ ժողովրդավարությանը վերադառնալուց հետո` երկու առանցքային գործիչների համառության պատճառով` գրում է The Washington Post-ը խմբագրականում։ Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը պնդեց անկախության հանրաքվեն` հակառակ Իսպանիայի Սահմանադրական դատարանի որոշման և իր ընտրողների մեծամասնության կարծիքի, և հիմա չի ցանկանում հրաժարվել անկախության հռչակումից: Ի պատասխան` պահպանողական վարչապետ Մարիանո Ռախոյը դիմեց արմատական քայլի` դաշնային իշխանության վերահսկողության հաստատումը շրջանի նկատմամբ, որ կարող է հարուցել զանգվածային քաղաքացիական անհնազանդություն կամ նույնիսկ բռնություն։
Թեպետ եվրոպացի ղեկավարները կտրուկ մերժեցին Պուչդեմոնի միջամտության կոչերը և անցան Մադրիդի կառավարության կողմը, ինչպես Թրամփի վաչակազմը, Կատալոնիայի նախագահը պնդում է իրենը` սպառնալով Կատալոնիայի խորհրդարանում անկախության հռչակման քվեարկություն նախաձեռնել։ Դա դուր կգա կոալիցիոն նրա գործընկերներին` ձախարմատական «Ժողովրդական միասնության թեկնածուին», ում հակակապիտալիստական, հակաեվրոպական պլատֆորմը մասամբ կարող է բացատրել` ինչու պետական քաղաքականության ռուսական մեքենան, ներառյալ նրա ձայնափող Ջուլիան Ասանժին, վճռականորեն պաշտպանում են անջատականներին: Մոսկվան հրճվելու է, եթե Ռախոյի ու Պուչդեմոնի դիմակայությունը ապակայունացնի իսպանական ժողովրդավարությունը:

Արևմտյան կառավարությունները, ներառյալ Թրամփի վարչակազմը, պետք է ավելի ջանադիր փոխզիջման հասնեն: Երկու հեռանկար կա։ Առաջինը` սահմանադրական բարեփոխում, որը ավելի մեծ ինքնավարություն կտա Կատալոնիայի պես շրջաններին: Ռախոյը հավանություն է տվել ընդդիմադիր Իսպանիայի սոցիալիստական աշխատավորական կուսակցության առաջարկին, որ Կոնգրեսի հանձնաժողովը ուսումնասիրի: Մյուս ճանապարհը շրջանային նոր ընտրություններն են Կատալոնիայում, որ Պուչդեմոնի առաջնորդությանը մարտահրավեր նետելու ճիշտ միջոց է: Կատալոնիայի ընդդիմությունը, ինչպես Մադրիդը, ցանկանում է ընտրություններ, սակայն որևէ քվեարկություն չպիտի բացառի անկախության կողմնակից կուսակցություններին` չնայած նրանց իրավախախտումները: Ռախոյի կոշտ գործողությունները կարող են ավելի շատ ընտրողների տանել անջատականների ճամբար: Ռախոյը պետք է ձեռնպահ մնա նոր բռնություններից և քաղաքական լուծման հասնի։
The Washington Post


Հ.Գ. Կատալոնիայի ճգնաժամը տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման սկզբունքների բախման ապացույց է, որ եվրոպացիները չեն ուզում հրապարակավ ընդունել: Բացահայտորեն Եվրամիությունը պատրաստ չէ տեսական քննարկումների ու գործնական լուծումների: Երբ ամբողջ ԵՄ-ն հայտարարում է, որ դա Իսպանիայի ներքին գործն է ու ձեռքերը լվանում է, նաև իրավունք չունի հայտարարելու, որ դրանից կուրախանա Ռուսաստանը: Թող այնպես անեն, որ ուրախանալու տեղ չունենա, չե՞ն կարողանում, ուրեմն Մոսկվան ուրախանալու կրկնակի պատճառ ունի: Իսկ լուծումներ կան և իսկապես ամբողջ երկրի ճակատագիրը հայտնվել է երկու համառ ու անզիջում գործիչների ձեռքում, որ առաջնորդվում են ոչ միայն օրենքով, այլև ամբիցիաներով: Համենայն դեպս` րոպեների տարբերությամբ երկու խորհրդարաններն արեցին իրենց քայլը` Կատալոնիայի նախագահ Կառլես Պուչդեմոնը վերջապես հռչակեց անկախություն` Կատալոնիայի խորհրդարանը հոկտեմբերի 27-ին քվեարկեց Իսպանիայից անկախանալու օգտին` 72 կողմ, 10 դեմ, 2 ձեռնպահ։ Մադրիդում էլ Իսպանիայի Սենատը կողմ քվեարկեց Կատալոնիայի կառավարությանը իշխանությունից հեռացնելուն և ինքնավար մարզում ուղիղ ղեկավարություն մտցնելուն Մադրիդից: 214 կողմ, 47 դեմ, 1 ձեռնպահ ձայներով։

Որոշումն ուժի մեջ կմտնի հոկտեմբերի 28-ից: ԱՄՆ պետքարտուղարությունն աջակցել է Իսպանիայի կառավարությանը՝ նշելով, որ Կատալոնիան Իսպանիայի անբաժանելի մասն է: Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը ևս հայտարարել է, որ ԵՄ-ն կհամագործակցի միայն Իսպանիայի հետ: Մինչ անկախություն հռչակած Բարսելոնը ցնծության մեջ է, Մադրիդը կարող է բռնությունների դիմել, և ոչ ոք չի կարող ասել` ինչով կավարտվի տարածքային ամբողջականության և ազգի ինքնորոշման սկզբունքի բախումը Եվրոպայում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ